Պատմություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

 

Համաձայն 2004թ.-ի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի  կողմից ընդունված «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2004 թ.-ի հուլիսի 22-ի N 1032 որոշման՝ «Չափագետ» ՓԲԸ-ի բազայի վրա ստեղծվեց «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ։

2012թ. «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությանն են միացել «Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը» և «Օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը», որից հետո հնարավոր դարձավ օգտագործել ողջ գիտական պոտենցիալը մեկտեղ:

Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի թիվ 882-Ն որոշման՝  ‹‹Չափագիտության ազգային ինստիտուտ›› ՓԲԸ-ն ՀՀ-ում ճանաչվել է Չափագիտության ազգային մարմին:

2020 թվականի մարտի 25-ին կատարվել է «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների  վերակազմակերպման պետական գրանցումը` միաձուլման կարգով: Արդյունքում նշված կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է, և որպես իրավահաջորդ կազմակերպություն` ստեղծվել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ՀՀ տարածքում ապահովում է չափումների միասնականությունը, որը ազգային տնտեսության որակի ենթակառուցվածքի հենքային սյունն է։ Ընկերությունն իրականացնում է էլեկտրաէներգիայի, գազի և հեղուկների հաշվիչների, ուժի, ամրության և ճնշման չափման միջոցների, կշեռք-կշռաքարերի, ԱԳԼՃԿ-ների, ժամանակի հաճախականության և ռադիոէլեկտրոնային սարքավորումների, ֆիզիկաքիմիական, ջերմային և իոնիզացիոն և այլ չափումների տեսակի սարքավորումների չափագիտական հսկողություն՝ ստուգաչափում, փորձաքննություն, փորձարկում և տեսակի հաստատում։ Օրենսդրական չափագիտական հսկողությունը ոչ միայն ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը առողջապահական տեսանկյունից, այլ նաև կարգավորում է սպառող վաճառող առևտրային հարաբերությունները։ Միևնույն ժամանակ Չափումների միասնականության համակարգի պատշաճ գործունեության արդյունքում հնարավոր է զարգացնել ՀՀ առաջարկած արտադրանքի միջազգային մակարդակին համապատասխանող որակական բնութագրերը, ինչն էլ կխթանի առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, այսինքն մեր արտադրողները կդառնան մրցունակ միջազգային մակարդակում։

Օրենսդրական չափագիտության գործառույթների արդյունքների բարձր մակարդակի և որակի ապահովման համար հարկավոր է ունենալ լուրջ գիտական հիմքեր։ 2004թ.-ից ի վեր ընկերության մասնագետները օրենսդրական չափագիտության հետ զուգահեռ հիմնել, բարելավել, և զարգացրել են Հայաստանի Հանրապետությունում չափագիտության գիտական և տեսական հիմքերը՝ դրանք հնարավորինս ներդաշնակեցնելով և մոտարկելով միջազգային լուրջ և հիմնարար չափագիտական կազմակերպությունների առաջադրած պահանջների և որակի հետ։