Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Չափագիտության պատմություն

 

«Գիտությունը սկսվում է այն պահին, երբ սկսում են չափել:

Ճշգրիտ գիտությունն անհնար է առանց չափման»

Դմիտրի Մենդելեև

Չափումներն էական դեր են խաղում մարդու կյանքում: Չափում կատարելու անհրաժեշտություն զգացվում է յուրաքանչյուր քայլափոխի՝ սնունդ գնելիս դրա քանակությունը կամ զանգվածը,  մարդու տեսողության աստիճանը որոշելուց մինչև գիտական ամենաբարդ հետազոտությունները, որը թույլ է տալիս որոշել ուսումնասիրվող երևույթների կամ առարկաների քանակական բնութագրերն ու հատկությունները: Չափումներն ունեն առաջնային նշանակություն արտաքին և ներքին առևտրի համար, արտադրանքի որակի ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման, աշխատանքի անվտանգության ապահովման և այլնի համար:

Չափումներ իրականացվել են դեռևս հին ժամանակներում. առաջինը որպես չափման միջոց կիրառվել են մարդու ոտքի և ձեռքի չափսերը: Ռուսաստանում, օրինակ, որպես չափման միավորներ կիրառվում էին թիզը, սաժենը, արևմուտքում՝ դյույմը, ֆուտը, և այլն, իսկ Եգիպտոսում չափման միջոց էր համարվում իշխող փարավոնի բացված ձեռքի երկարությունը: Այն արտատպվում և փորագրվում էր սև գրանիտի վրա, որի պահպանությունը ստանձնում էին փարավոնի համար տաճարներ և բուրգեր կառուցող ճարտարապետները: Իսկ նրանք, ովքեր մոռանում կամ անտեսում էին երկարության ստանդարտ միավորը տրամաչափարկելու իրենց պարտականությունը, դատապարտվում էին մահվան:

 

Միասնական չափումների անհրաժեշտությունը նոր գիտության ձևավորման դրդապատճառ

Չափագիտություն` գիտություն չափումների և դրանց կիրառման մասին:

Չափումների միասնական համակարգի բացակայությունը լուրջ խոչընդոտ էր ապրանքաշրջանառության հեշտ և ճիշտ իրականացման համար: Այդ իսկ պատճառով 17-18-րդ դարերում Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Ռուսաստանում սկսեցին ստեղծել և հրապարակել ազգային-պետական ստանդարտ չափեր:

Միավորների ազգային համակարգերի տարբերությունների հետ կապված դժվարությունները 1889-ին հանգեցրին չափերի մետրական համակարգի մշակման, որը հիմնվեց ֆիզիկական 3 մեծության վրա՝ երկարության (չափման միավոր՝ մետր), զանգվածի (կիլոգրամ) և ժամանակի (վայրկյան), քանի որ չափման այդ միավորներն առավել հարմար էին գործնական կիրառման համար: Ավելի ուշ՝ 1960 թթ., մշակվեց և հաստատվեց ՍԻ միավորների միջազգային համակարգը, որը ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ է և լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որոնք կիրառում են իրենց ավանդական միավորները:

Չափագիտությունը որպես գիտություն սկսեց կազմավորվել Ֆրանսիայում՝ մետրի էտալոնի ստեղծմամբ, որն այժմ պահվում է Փարիզի Չափի և կշռի թանգարանում և համարվում  է պատմական ցուցանմուշ, այլ ոչ թե աշխատանքային գործիք:

Հետագայում չափագիտությունը զարգացավ երեք ուղղություններով. 

 

Չափագիտությունը և Չափումների միասնականության համակարգը

1875թ.-ին Փարիզում անցկացվեց դիվանագիտական կոնֆերանս՝ 20 պետության լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, որի եզրափակիչ փուլում Ֆրանսիայի արտգործնախարարության շենքում ստորագրվեց Մետրական միջազգային կոնվենցիան: Ներկայումս Կոնվենցիային միացել է 55 պետություն: Համաձայն Մետրական կոնվենցիայի՝ ստեղծվել են Չափի և կշռի միջազգային բյուրոն (ՉԿՄԲ) ու Չափի և կշռի միջազգային կոմիտեն (ՉԿՄԿ): Միջազգային այս կազմակերպություններն անցկացնում են գլխավոր կոնֆերանսներ և լուծում չափագիտությանն առնչվող բազմապիսի խնդիրներ: ՉԿՄԲ-ի հիմնական նպատակը Մետրական կոնվենցիային մասնակից բոլոր երկրներում չափումների միասնականության ապահովումն է:

1955թ.-ին 24 երկիր Փարիզում ստորագրեց Միջկառավարական կոնվենցիա: Վերջինս հիմնադիր փաստաթուղթ դարձավ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ) ստեղծման համար: ՕՉՄԿ հրատարակում է միջազգային հանձնարարական և փաստաթղթեր: Միջազգային հանձնարարականները հաստատում են չափիչ սարքերի չափագիտական բնութագրեր, չափման մեթոդներ: Միջազգային փաստաթղթերը, որոնք ունեն տեղեկատվական բնույթ՝ միտված են բարելավելու չափագիտական ծառայությունների որակը:

 

Չափագիտությունը Հայաստանում

Հայաստանում առաջին հիմնարկը, որը զբաղվել է չափերի և չափիչ սարքերի պետական հսկողությամբ, եղել է 1921թ. հուլիսի 21-ին Ժողտնտխորհրդի դեկրետի համաձայն ստեղծված «Չափի և կշռի» բաժանմունքը: 1931թ. ստեղծվում է տեղական ստանդարտացման բյուրո` «Արմստանդարտ», որն իրականացնում էր ստանդարտների պահանջների պահպանման հսկողություն և չափման միջոցների, չափիչ սարքերի վիճակի ստուգումներ և ստուգաչափման աշխատանքներ:                                                   

1971 թվականից գործում էր հայկական հանրապետական վարչությունը, որը գտնվում էր ԽՍՀՄ-ի Ստանդարտների նախկին Պետական Կոմիտեի համակարգում: 1976 թ.-ին ստեղծվում է ստանդարտացման, չափագիտության հանրապետական կենտրոնը, որի հիմնական գործառույթը ստանդարտների ներդրման, պահպանման և չափման միջոցների վիճակի պետական հսկողության և վերահսկողության իրականացումն էր:

Հետագայում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չափումների միասնականության ապահովումը, համաձայն 1997թ.-ի ապրիլի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի, իրականացնում էր ՀՀ կառավարությանն առընթեր Հայպետստանդարտը` ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման (ՍՉՍ) վարչությունը  իր կողմից հիմնադրած տարածքային փակ բաժնետիրական ընկերությունների` այդ  թվում «Չափագետ» ՓԲԸ-ի միջոցով: 

 

Շրջադարձային փուլ Հայաստանում Չափագիտության զարգացման մեջ

Համաձայն 2004թ.-ի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի  կողմից ընդունված «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2004 թ.-ի հուլիսի 22-ի N 1032 որոշման՝ «Չափագետ» ՓԲԸ-ի բազայի վրա ստեղծվեց «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ: