Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Գործունեություն

Չափագիտության ազգային ինստիտուտը իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Ստեղծում, պահպանում, կատարելագործում է մեծությունների միավորների ազգային չափանմուշները,
  • Ապահովում է ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ,
  • Իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին,
  • Սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը և իրականացնում է ստանդարտ նմուշների վկայագրում,
  • Չափածրարված արտադրանք և չափիչ սրվակներ արտադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրում է պայմանանշաններ,
  • Իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն,
  • Իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ հետևելիությունն ապահովելու նպատակով,
  • Իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում,
  • Հաստատում է չափման միջոցների տեսակը,
  • Վարում է  հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների գրանցամատյան,
  • Մասնակցում է չափման միջոցների տրամաչափարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման աշխատանքներին,
  • Իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում,
  • Կազմակերպում և իրականացնում է չափագիտության բնագավառում կադրերի մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագերների ուսուցում, ինչպես նաև տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր:

 

Չափման միջոցների տեսակի հաստատում

Այն բոլոր չափման միջոցները, թե´ ներմուծված, թե´ արտադրված ՀՀ տարածքում, որոնք պետք է կիրառվեն օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում, ենթակա են տեսակի հաստատման։ Տեսակի հաստատումը իրականացվում է չափման միջոցների սահմանված պահանջներին համապատասխանությունը փաստելու նպատակով, ինչի համար կատարվում են փորձարկումներ։ Փորձարկումների ընթացքում ստուգվում է չափման միջոցի տեխնիկական և չափագիտական հատկանիշների համապատասխանությունն արտադրող կազակերպության նախասահմանած և նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։ Փորձարկումների դրական արդյունքների հիման վրա կազմվում է զեկուցագիր, համաձայն որի հաստատվում է չափման միջոցների համապատասխանությունը սահմանված պահանջներին և տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ կամ վկայական, որը թույլ է տալիս չափման միջոցի շահագործումը օրենսդրորեն կարգավորվող ոլորտներում։ Ինչպես նաև տեսակի հաստատման արդյունքում սահմանվում է տվյալ չափման միջոցի հետագա ստուգաչափման պարբերականությունը և մեթոդիկան: 

 

Չափման միջոցների ստուգաչափում

Ստուգաչափումը դա այն բոլոր գործառույթներն են, որոնք իրականացվում են ՀՀ տարածքում տեսակը հաստատված չափման միջոցների չափագիտական պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակով: Ստուգաչափումը լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր:

Զանգվածաբար թողարկվող կամ ներմուծված չափման միջոցները (եթե ստուգաչափման նորմատիվ փաստաթղթով նախատեսված է նման բան) ենթարկվում են ընտրանքային ստուգաչափման: Չափման միջոցների ընտրանքային ստուգաչափման ենթակա լինելու մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը` չափման միջոցների տեսակի հաստատման փորձարկումների արդյունքների հիման վրա:

Այն չափման միջոցները, որոնք տեսակը հաստատված, արտադրությունում թողարկված, նորոգման ենթարկված և ներմուծված են, բացառությամբ այն չափման միջոցների, որոնց ստուգաչափումը կատարվել է արտադրողի մոտ (Հայաստանի Հանրապետությունից դուրս) և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում են առաջնային ստուգաչափման: Առաջնային ստուգաչափումը կարող է իրականացվել չափման միջոց արտադրող և նորոգող իրավաբանական անձի հսկիչ ստուգաչափական կետերում (ՀՍԿ): Արտադրությունում թողարկված կամ նորոգումից հետո չափման միջոցները ներկայացվում են առաջնային ստուգաչափման արտադրողի կամ նորոգողի կողմից տեխնիկական հսկողություն անցնելուց հետո:

Այն չափման միջոցները, որոնց շահագործման (պահման) ընթացքում, կամ վնասվել է ստուգաչափման դրոշմը կամ բացակայում է (կորել է) ստուգաչափման մասին վկայականը, կամ երկարաժամկետ պահումից հետո մտցվում են շահագործման մեջ, կամ չափման միջոցների արտաքին տեսքը կամ աշխատանքը կասկած է հարուցում, կամ չափման միջոցները չեն իրացվել սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցի կեսն անցնելուց հետո և պետք է առաքվեն սպառողին, կամ չափման միջոցները օգտագործվում են որպես օժանդակ սարքեր` սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցի կեսն անցնելուց հետո ենթարկվում են կրկնակի ստուգաչափման:

Այն չափման միջոցները, որոնք օգտագործվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում որոնց  միջստուգաչափական ժամանակամիջոցը լրացել է, ինչը սահմանվում է հաշվի առնելով չափման միջոցների կիրառման պիտանիության ապահովումը ստուգաչափումների միջև ընկած ժամանակահատվածում, ենթարկվում են պարտադիր պարբերաբար ստուգաչափման: Միջստուգաչափական ժամանակամիջոցը սահմանվում է չափման միջոցների տեսակի հաստատման ժամանակ:

Բոլոր պարտադիր պարբերական ստուգաչափման չենթարկվող չափման միջոցները  ստուգաչափվում են կամավոր հիմունքներով:

 

Չափման միջոցների փորձաքննություն

Այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվում են դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների և նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով և պահանջով՝ չափման միջոցի վիճակի զննման, ներկայացման և չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով։ Չափագիտական փորձաքննության եզրակացությունը կարող է նշանակալից ապացույց լինել մի շարք իրավական գործընթացներում: