Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Օրենսդրական չափագիտություն

  Չափագիտության մաս, որը ներառում է գործունեության այն տեսակները, որոնց վրա տարածվում են սահմանված պահանջներ` չափումների, չափման միավորների, չափման միջոցների և չափման մեթոդների վերաբերյալ, և որոնք իրականացվում են իրավասու մարմինների կողմից: Օրենսդրական չափագիտության կիրառման ոլորտը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել: 

Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները Հայաստանի Հանրապետությունում

  Չափումներն այնքան սովորական են դարձել մեր կյանքում, որ շատ հաճախ մենք դրանք չենք էլ նկատում:  Օրինակ՝

  • անվտանգ երթևեկության նպատակով մենք հետևում ենք մեքենայի արագությանը
  • առողջության նկատառումներովմենք բժշկական ստուգումներ ենք անցնում
  • ճշտապահ լինելու նպատակով հետևում ենք ժամանակին
  • սննդամթերքը գնում ենք չափը որոշելով
  • ավտոմեքենաների վառելիքը լիցքավորում ենք ծավալով:

  Որպես կանոն չկա չափման անթերի արդյունք: Չափումներում միշտ էլ առկա են որոշակի շեղումներ` սարքից, միջավայրից, կամ այլ պայմաններից առաջացող: Սակայն թույլատրելի սահմաններից դուրս շեղումները չափումների արդյունքներում կարող են լուրջ խնդիրներ ստեղծել:

  Հասարակությանը սխալ չափումների հետևանքներից զերծ պահելու և պաշտպանելու նպատակով պետությունները մշակել են այդ ամենը հսկող օրենսդրական համակարգ: Փաստացի, բոլոր պետությունները այդպիսի պաշտպանություն տրամադրում են՝ չափագիտությունը իրենց օրենսդրությունում ներառելու միջոցով, և հենց այստեղից է գալիս “օրենսդրական չափագիտություն” տերմինը: Օրենսդրական չափագիտության պահանջները տարածվում են առևտրի, առողջապահության, մարդու՝ շրջակա միջավայրում անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, ռազմական բնագավառում, ինչպես նաև դատական գործընթացներում օգտագործվող չափման միջոցների վրա: 

Օրենսդրական չափագիտությունը առևտրում

  Առևտրի հիմնական գործառույթներն իրականացվում են չափումների հիման վրա և պարզ է, որ չափման արդյունքի շեղումը կարող է ոչ ցանկալի ազդեցություն ունենալ գործարքն իրականացնող կողմերի վրա և անվստահության տեղիք տալ: Հանրությանը պաշտպանելու նպատակով առևտրում օգտագործվող չափման միջոցները ենթակա են չափագիտական հսկողության` տեսակի հաստատման, ստուգաչափման և չափագիտական փորձաքննության: Առևտուրը կարևոր դեր է խաղում տնտեսական աճի, բնակչության բարեկեցության և ֆինանսական կայունության պահպանման հարցում: Առևտրային գործարքներում օգտագործվող սարքերի օրինակներ են` երկարություն չափող սարքեր` քանոներ, զանգված չափող սարքեր` բոլոր տեսակի կշեռքներ և կշռող միջոցներ, ծավալ չափող սարքեր` սանդղականիշերով ռեզերվուարներ, ավտոտարրաներ և այլն: 

Օրենսդրական չափագիտությունը առողջապահության բնագավառում

  Առողջապահությունը հանդիսանում է անընդհատ զարգացող բնագավառ: Վերջին տասնամյակներում մի շարք նոր և բարդ տեխնոլոգիաներ են կիրառվում առողջապահության բնագավառում և այդ տեխնոլոգիաների կամ սարքավորումների մեծ մասը ուղղակի կամ անուղղակի կերպով իրականացնում են չափումներ: Չափումները առողջապահությունում իրականացվում են մարդկանց և կենդանիների Ֆիզիկական ցուցանիշները չափելու, ինչպես օրինակ` մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման որոշման, արյան շաքարի որոշման համար: Ուստի, առողջապահության բնագավառում ճիշտ արդյունքների ապահովման և բուժման ճիշտ մեթոդի ընտրության համար պետք է պահպանվեն սարքերի չափագիտական բնութագրերը, որն էլ իրականցվում է չափագիտական հսկողության միջոցով:

Օրենսդրական չափագիտությունը անվտանգության բնագավառում

  Անվտանգությունը տանը, աշխատանքի վայրում և շրջակա միջավայրում երբեմն աննկատ է մնում, սակայն բնակչության անվտանգությունը օրինակ` ծորակից ջուր խմելիս, էլեկտրական սարքավորումների հետ աշխատելիս, մեքենա վարելիս երաշխավորելու նպատակով, մշակվել և հաստատվել են մի շարք կարգեր և կանոններ: Այս կարգերն ու կանոնները (նորմատիվ փաստաթղթերը) սահմանում են կանխարգելիչ միջոցառումներ, որոնք պահանջում են չափումների ճշգրիտ արդյունքներ.

օրինակ`

  • սննդում վնասակար նյութերի պարունակության թույլատրելի չափի որոշման,
  • էլեկտրական սարքավորումներից առաջացած էլեկտրամագնիսական ճառագայթման չափի որոշման և սահմանման,
  • ավտոմեքենաների արտանետումներից օդի աղտոտման մակարդակի որոշման,
  • ախտորոշման կենտրոնների սենյակներում սարքավորումների ստեղծած ռադիոակտիվության ֆոնի ստուգման, և
  • աշխատավայրերում աղմուկի թույլատրելի մակարդակի որոշման

համար անհրաժեշտ են ճիշտ աշխատող չափման միջոցներ, որոնց չափագիտական բնութագրերը պահպանվում են ազգային և միջազգային պահանջներին համապատասխան: Այսինքն վերոնշյալ և այլ առաջադրանքներ իրականացնելու համար անհրաժեշտ են միջազգային պահանջներին հետևելի չափման միջոցներ, ինչը ՀՀ տարածքում ապահովում է Չափագիտության ազգային ինստիտուտը իր ստորաբաժանումների միջոցով:

Օրենսդրական չափագիտությունը ռազմական բնագավառում

  Վերջին երկու տասնամյակում ի հայտ են եկել ռազմական պայքարի նոր միջոցներ, որոնցից են. մասնավորապես, գերճշգրիտ զենքերը: Դրանց և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված` կառավարման, հետախուզման և նշանառման համակարգերի համատեղ օգտագործումը կտրուկ կերպով փոխում է ռազմական գործողությունների վարման ձևերն ու մեթոդները: Այլ կերպ ասած, այսօր պետությունների սպառազինությունների համակարգերի հզորությունը բնութագրվում է հիմնականում ոչ թե դրանց քանակով, այլ որակական հատկանիշներով: Վերոնշյալ զենքերի և համակարգերի որակական հատկանիշներն առավելապես կախված են չափագիտական բնութագրերից, որն ապահովում է ռազմական չափագիտությունը: Ռազմական չափագիտությունը` չափագիտության ուղություն է, որն ապահովում է իրականացվող չափումների միասնականությունը ռազմական անվտանգության ոլորտներում: ՀՀ տարածքում վերոհիշյալ գործառույթների համար անհրաժեշտ չափագիտական հիմքերը ապահովում է ՀՀԶՈՒ գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության ստորաբաժանումը` Չափագիտության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ:

  Հայաստանի Հանրապետությունում ընդունված «Չափումների միասնականության ապահովման մասին»առ 08.02.2012թ ՀՀ օրենքով իրականացվում են վերոհիշյալ բնագավառներում կիրառվող չափման միջոցների չափագիտական հսկողություն, և այն բոլոր սարքերը որոնք սահմանված են … ցանկով ենթակա են տեսակի հաստատման և ստուգաչափման: